AM
24 Հունվար 2013 - 12:30 AMT

Հեռանկարային ծրագրերի իրականացման համար 2012թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է 75 մլն. դրամ

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Հայաստանի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012թ.-ին երկու ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև 2013 թ-ի ռազմավարությունը:

ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում և խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում և կառավարման որակի կատարելագործում. սրանք են համագործակցող կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղությունները:

ՏՀՏ ոլորտում հեռանկարային ծրագրերի իրականացման համար, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միայն 2012թ.-ին ներդրել է ավելի քան 75 մլն. դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ ոլորտի ինքնաբավ և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարևոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է: Վերջին երեք տարիներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու և ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլև աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է ստեղծագործական մտածելակերպի և նորարարական հմտությունների խթանմանն ուղղված ծրագրերի կարևորությունը: Երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած` Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը, երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի` 2012 թ.-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:

ՏՀՏ մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է: Երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա»-ն գործընկերության հեռանկարային ծրագիր սկսեցին`Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվեց ուսումնական 2 լաբորատորիա, իսկ «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրեց էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր: «Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու`կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը` նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ և անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««Սինոփսիս»-ը մնում է հավատարիմ իր այն համոզմունքին, որ նշանակալի արդյունքների կարելի է հասնել միայն պետության, բիզնես ոլորտի եւ համալսարանների միջեւ շարունակական արդյունավետ համագործակցության դեպքում», – ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Գիտական ներուժի բացահայտման և հնարավորությունների կատարելագործման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ռազմավարությունը շարունակվելու է նաև 2013 թվականին: