AM
25 Հունվար 2013 - 11:14 AMT

«Նաիրիտ» գործարանի ընդհանուր պարտքը 1,482 մլրդ դրամ է

«Նաիրիտ» քիմիական գործարանը պարտքեր ունի, որից 1,350 մլրդ դրամի պահանջատերերն են «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը կազմում է 1,482 մլրդ դրամ: Այդ մասին հունվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Ըստ նրա, ԴԱՀԿ-ն գործարանի հետ աշխատում է հատուկ ժամանակացույցով: «Մենք փորձում ենք աշխատանքային պայմաններ ստեղծել, հաշվի առնելով նրա կարևորությունն ու պարտքերի մարումը»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ «Նաիրիտի» պարտավորությունների կատարման աշխատանքները շարունակվում են:

«Նաիրտ գործարանը» աշխարհի 5 գործարաններից մեկն է, որն արտադրում է քլորոպրենային կաուչուկ, և միակը, որ կարող է արտադրել այն երկու եղանակով: Չնայած դրան, գործարանը պարբերաբար պարապուրդի է մատնվում: Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ գործարանի արդիականացման համար պահանջվում է 400-500 մլն դոլարի ներդրում: