Այսօրվանից Դիլիջան քաղաքում մեկնարկում է «Թումո» կենտրոնի ծրագիրը: «Թումո Դիլիջանը» հագեցած է 29 համակարգիչներով և հնարավորություն ունի օրական ընդունել մինչև 90 պատանի՝ տրամադրելով նրանց յուրատեսակ ուսումնական փորձառություն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:
Արդեն հունվարի 29-ից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան դիլիջանցիները կարող են այցելել «Թումո» գրանցվելու համար: Ուսուցումը «Թումոյում» անվճար է:
Ուսուցանող մարզիչների և հմուտ մեդիա մասնագետների ուղղորդմամբ դիլիջանցի պատանիները հատուկ մշակված «Թումո» ուսումնական ծրագրի միջոցով կբացահայտեն և կուսումնասիրեն չորս հեռանկարային ոլորտներ՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում: Միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա՝ պատանիները կհմտանան իրենց նախընտրած ոլորտներում, ձեռք կբերեն թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ, կձևավորեն վերլուծական մտածելակերպ, կզարգացնեն նախաձեռնողական կարողություններ: Հրավիրված օտարերկրյա և տեղացի մասնագետների հետ հանդիպումներն ու դասընթացները պատանիներին հնարավորություն կընձեռեն զարգացնելու իրենց գիտելիքները: Արդեն մարտ ամսից «Թումո Դիլիջանում» կգործեն ռոբոտաշինության և համակարգչային երաժշտության հատուկ դասընթացներ:
Հավելենք, որ 2011թ. ամռանը Երևանում բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Այն ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Թումո» կենտրոնի նպատակն է հայ պատանիներին ընձեռել լավագույն հնարավորություններ ակտիվ և հետաքրքիր ուսումնառության համար, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ինքնազարգացմանն ու դրսևորմանը: Այսօր արդեն կենտրոնում ուսուցանում է 12-18 տարեկան 5000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:






