AM
31 Հունվար 2013 - 14:29 AMT

Իրանի իշխանությունները սպառնացել են Իսրայելին՝ Սիրիայի դեմ ագրեսիայի պատճառով

Իսլամական Հանրապետության կառավարությունը նախազգուշացրել է Թել Ավիվին, որ եթե իսրայելցիները չդադարեցնեն Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողությունները, ապա Իսրայելին «լուրջ հետևանքներ են սպասվում», փոխանցում է Russia Today-ը:

Թեհրանի արձագանքը կապված է Իսրայելի ՌՕՈւ-ի՝ սիրիական օբյեկտների վրա հարձակման հետ: Հիշեցնենք, որ հունվարի 30-ի գիշերը իսրայելական ինքնաթիռները ներխուժել են սիրիական օդային տարածք և ռմբակոծել Դամասկոսի մերձակայքը:

Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ Քարիմ Ալին ևս հայտարարել է, որ Սիրիան միջոցներ կընդունի և ամենադաժան կերպով կպատասխանի իսրայելական հարձակմանը:

Իրանական Fars գործակալությունը փոխանցում է, որ ԻԻՀ ԱԳ նախարարը խոստացել է վրեժխնդիր լինել Թել Ավիվից՝ այդ «անիմաստ և անխիղճ հարձակման համար»:

Իսրայելական ագրեսիային ծայրահեղ կտրուկ է պատասխանել նաև «Հեզբոլլահ» շարժումը: