ԵՄ անդամ պետությունները պարտավոր են ճանաչել միասեռ զույգերի օրինական ամուսնությունները, նույնիսկ եթե իրենց ներքին օրենքները դա չեն նախատեսում, ասվում է Եվրոպական դատարանի վճռում։
Դատավորները ընդգծել են, որ օրինական ամուսնության ճանաչումը մերժելը «հակասում է ԵՄ օրենսդրությանը, քանի որ խախտում է ազատությունն ու անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը», և «կարող է լուրջ անհարմարություններ առաջացնել վարչական, մասնագիտական և անձնական մակարդակներում՝ ստիպելով ամուսիններին ապրել որպես չամուսնացած անձինք», հայտնում է Euronews-ը։
Խոսքը վերաբերում է Լեհաստանի երկու քաղաքացու, որոնք 2018‑ին ամուսնացել էին Բեռլինում, վերադարձել Լեհաստան և փորձել էին իրենց ամուսնական վկայագիրը՝ գերմաներենից լեհերեն թարգմանել ու գրանցել ԶԱԳՍ‑ում՝ ճանաչման համար։
Նրանց մերժել էին՝ այն պատճառաբանությամբ, որ Լեհաստանում չեն թույլատրվում միասեռ ամուսնությունները։ Զույգը բողոքել էր այս որոշման դեմ Լեհաստանի բարձրագույն վարչական դատարանում, որը և ուղարկել էր գործը քննության Եվրոպական դատարան։ Դատարանի որոշմամբ, ամուսնությունը ճանաչվել է ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում։
«Ամուսինները, որոնք հանդիսանում են ԵՄ քաղաքացիներ, օգտվում են անդամ պետությունների տարածքում տեղաշարժվելու և բնակվելու ազատությունից, ինչպես նաև՝ այս ազատության իրագործման ժամանակ և հայրենիք վերադառնալիս՝ նորմալ ընտանեկան կյանք վարելու իրավունքից։
Երբ նրանք ստեղծում են ընտանեկան կյանք ընդունող անդամ պետության տարածքում, մասնավորապես՝ ամուսնության արդյունքում, նրանք պետք է վստահ լինեն, որ կարող են շարունակել այդ ընտանեկան կյանքը նաև վերադառնալիս իրենց ծագման երկիր»,–ասվում է վճռում։
Վճիռը չի պարտադրում անդամ երկրներին փոխել իրենց ներքին օրենսդրությունը, այլ միայն պարտավորեցնում է ճանաչել այն ամուսնությունները, որոնք օրինական կերպով կնքվել են այլ ԵՄ երկրներում։
Այս կարգը պետք է կիրառվի «առանց տարբերությունների» կամ լրացուցիչ խոչընդոտների։
ԵՄ անդամ 27 երկրների մեծամասնությունն արդեն ճանաչում է միասեռ ամուսնությունները։ Առաջինը, որ աշխարհում օրինականացրել է նման միությունները, եղել են Նիդեռլանդները՝ 2001 թվականին։ Որոշ այլ երկրներ թույլատրում են միասեռ քաղաքացիական միություններ, սակայն Լեհաստանը դեռ չի ընդունում նման միությունները՝ չնայած վարչապետ Դոնալդ Տուսկի՝ ԼԳԲՏՔ+ համայնքի իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերին։






