Հայաստանի ավտոճանապարհների 50 տոկոսը շատ վատ վիճակում է գտնվում, չնայած 2009թ. ի վեր արձանագրվող դրական տեղաշարժին, դրանց պահպանման և վերանորոգման համար հարկավոր են ներդրումներ: Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին երկարացնել գյուղական ավտոճանապարհների «կյանքը»:
ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (ԿՆՃԲԾ) շրջանակում Հայաստանին 45 մլն դոլար վարկի տրամադրումը: Կվերականգնվեն 170 կմ ճանապարհներ՝ միևնույն ժամանակ աշխատատեղեր ստեղծելով գույղական բնակչության համար: 11 մլն դոլար կհատկացնի ՀՀ կառավարությունը, արդյունքում ընդհանուր գումարը կկազմի 56 մլն դոլար: Ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, միջոցները տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և ունեն 10 տարվա արտոնյալ ժամկետ:
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը հայտնեց, որ 170կմ 73 կմ արդեն սկսվել են նախապատրատական աշխատանքները: Նորոգված ճանապարհներից կկարողանան օգտվել Արագծոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի 31 համայնքների 70 000 բնակիչներ: «Հուսով ենք, որ դա կհանգեցնի աղքատության կրճատմանն ու կնպաստի տնտեսական աճին»,-ասել է Ժան Միշել Հափին՝ ներկայացնելով փետրվարի 1-ին ծրագիրը մամլո ասուլիսում:
Անդրադառնալով նախկինում ծրագրերի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին՝ Հափին բարձր է գնահատել դրանց կատարողականը: Միաժամանակ նա կարևորել է այն, որ հատուկ ուշադրություն կդարձվի նաև ճանապարհների պահպանմանն ու անվտանգությանը:
Ընդհանուր առմամբ 2009թ. ի վեր ՀԲ-ն ներդրել է 101 մլն դոլար 433 կմ ճանապարհների վերականգնման համար Հայաստանում: Դա կազմում է 4000կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների 10 տոկոսը:
Մինչ ֆինանսական տարվա ավարտը՝ 2013 հունիս, ՀԲ-ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանում ևս երկու ծրագրով՝ առողջապահության ոլորտում 35 մլն դոլար, ոռոգման ոլորտում՝ 30 մլն դոլար: Այդ ծրագրերը քննարկման փուլում են:






