AM
1 Փետրվար 2013 - 10:43 AMT

Բորդյուժան հույս ունի, որ Հայրիկյանի մահափորձը չի ապակայունացնի իրավիճակը Հայաստանում

Նախագահական ընտրությունների նախաշեմին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շատ լուրջ միջադեպ է համարում: Այսօր հեռուստակամուրջի ժամանակ նա վստահություն է հայտնել, որ «Հայաստանի իրավապահ մարմինները, որոնք միշտ առանձնացել են պրոֆեսիոնալիզմով, շատ արագ կպարզեն իրավիճակը և կգտնեն մեղավորներին»:

Նա հույս է հայտնել, որ կատարվածը չի ապակայունացնի Հայաստանի իրավիճակը. «Ցավալի է, որ դա տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին, որոնց այնքան էլ շատ ժամանակ չէր մնացել, և սա կարող է հետաձգման պատճառ դառնալ»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ տեղի ունեցածը կփոխի իրադրությունը Հայաստանում: «Ես հենց նոր եմ այնտեղից վերադարձել և կարող եմ ասել, որ նախընտրական ողջ քարոզարշավը հանգիստ է ընթանում, պատշաճության և ժողովրդավարության շրջանակում` այլ պետությունների քարոզարշավներից տարբերվելով հենց զսպվածությամբ և կառուցողականությամբ: Ես հուսով եմ, որ հենց այդպես էլ կշարունակվի», – ասել է Նիկոլայ Բորդյուժան: