Սամցխե Ջավախքը ազատ տնտեսական գոտի հայտարարելու գաղափարը Վրաստանի դեմ ուղղված Ռուսաստանի ծրագրի մի մասն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ջավախահայերի տարածած հայտարարությունը հայաբնակ Ջավախքը ազատ տնտեսական գոտի հայտարարելու անհրաժեշտության մասին:
«Աբաշիձեն Աջարիայում վաղուց էր շահարկում այդ թեման: Աննկատ անջատողական նոր գաղափար են ներմուծում Վրաստան: Ամեն ինչ փոխկապակցված է: Աբխազիայի երկաթուղու բացումը, ինչն այսօրվա դրությամբ հակասում է Վրաստանի շահերին: Երկրորդը, երբ Չախալյանին ազատ արձակեցին բանտից, և նա հիման այնքան է լկտիացել, որ ամեն օր հայտարարություններ է անում: Գրոհ է սկսվել Վրաստանի կենտրոնական իշխանության դեմ, հիմա էլ այսպես կոչված ազատ տնտեսական գոտու թեման: Նրանք ցանկանում են ամեն գնով ինչ-որ ցուցադրական միավոր ստեղծել Ջավախքում և այդ ազատ տնտեսական գոտու գաղափարն է միասնական վարչական միավոր ստեղծել, իսկ երբ այն ստեղծված կլինի, պահանջել նրա ինքնավարությունն ու անկախությունը Վրաստանից:
Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Վրաստանը զարգանա, ոչ թե որ ասեն, թե այժմ մենք 9-րդ տեղում ենք ու դա էլ կորցնում ենք: Հակառակը, այդ վարկանիշերում Վրաստանը պետք է առաջ անցնի ու ամենուր պետք է լինեն համապատասխան տնտեսական պայմաններ, սակայն մենք մտնում ենք այս բանավեճի մեջ ազատ տնտեսական գոտու մասին և տեսեք, թե ով է դրա մասին խոսում: Այդ մասին խսում է ոչ թե Հայաստանի կառավարությունը, ոչ թե այնտեղի հայերը, ոչ թե տեղաբնակները, որոնց համար մենք ՀԷԿ ենք կառուցել, Ախալցխայում մեծ զբոսաշրջային կենտրոն ենք կառուցել, հսկայական երկաթուղի ենք կառուցում, այլ ճանապարհներ ենք կառուցել, և նրանք տեսնում են զարգացման շահավետությունը: Այդ մասին խոսում է Ռուսաստանի այսպես կոչված ջավախահայերի համայնքը: Դա նշանակում է, որ նախաձեռնությունը բխում է Ռուսաստանից: Դա հենց այն է, ինչի մասին մենք ասել ենք, դա մեկ ծրագրի մաս է: Վրաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի թույլ չտալու համար դա: Դա հասարակ հարց չէ: Մենք արդեն անցել ենք դա նախորդ տարիներին»,-ասել է Սահակաշվիլին, գրում է «Գրուզիա օնլայնը»:






