Գյուղատնտեսության արտադրանքի ընդհանուր ծավալում զգալի տեղ ունեն նաև ջերմոցային տնտեսությունները: Այսօր երկրում գործում է մոտ 900 ջերմոցային տնտեսություն, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 100 հա: Ջերմոցների առկա մակերեսները բավարար են ներքին սպառման համար, ուստի հարկավոր է արտաքին շուկա դուրս գալու ուղիներ որոնել: Բնակլիմայական պայմանների շնորհիվ մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանը աչքի է ընկնում բարձր որակով ու ոլորտի ներուժը բավականին մեծ է: Սակայն ջերմոցային տնտեսությունները պետական աջակցության կարիք ունեն, կան նաև այլ խնդիրներ:
Հիմնական խնդիրը ձմեռվա ամիսներին ջեմություն ապահովելն է: Ջերմոցները հիմնականում տաքացվում են գազով: Հազվադեպ չեն դեպքերը, երբ բերքահավաքին և բերքի իրացմանը մի քանի շաբաթ է մնում, իսկ ժամանակին չվճարելու համար գազի մատակարարումը դադարեցվում է: «ՀայՌուսգազարդի» դիրքորոշումը կարելի է հասկանալ՝ գազը ստացել ես, բարի եղիր վճարիր: Սակայն, պետք է հաշվի առնել, որ ջերմոցների սեփականատերերի մեծ մասը, որպես կանոն ազատ միջոցներ չեն ունենում, և կարող են վճարել միայն բերքն իրացնելուց հետո՝ ամեն ժամկետանց օրվա համար տուգանք վճարելով:
Կառավարության հանձնարարությամբ, «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն նոր կարճաժամկետ ֆինանսավորման գործիք է մշակել ջերմոցային տնտեսությունների համար, որոնք ժամանակավոր դժվարություններ են ունենում գազի սպառման հետ կապված ծախսերը հոգալու համար: Ինչպես հայտնել է «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, վարկի նվազագույն չափն այդ դեպքում կազմում է 1 մլն դրամ, իսկ առավելագույնը՝ 15 մլն դրամ:
Կազմակերպության ընդհանուր պորտֆելում գյուղատնտեսական վարկերը 2012թ. կազմել են 10,1 տոկոս կամ 1,8 մլրդ դրամ: ՈւՎԿ վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է ըստ ոլորտների՝ արդյունաբերությանը, որն ընդգրկում է նոր վերամշակող արդյունաբերությունը, բաժին է ընկնում 83,2 տոկոս, լեռնահանքային ոլորտին՝ 1 տոկոս, ծառայությունների ոլորտին՝ 4,5 տոկոս, այլ ոլորտներին՝ 1,2 տոկոս: Ավելին, «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն վարում է մարզերի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականություն, ուստի վարկային պորտֆելի 51 տոկոսը բաժին է ընկնում մարզերին, Երևանին՝ 49 տոկոսը: Այդպես, Արմավիրի մարզին բաժին է ընկել 15,8 տոկոսը, Արարատին՝ 10,1 տոկոսը, Կոտայքին՝ 8,4 տոկոսը, Գեղարքունիքին՝ 5,1 տոկոսը:
Ընդհանուր առմամբ կազմակերպությունը 2012թ. տրամադրել է 6,4 մլրդ դրամի 100 վարկ:
«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն ստեղծվել է Հայաստանում 2009թ. օգոստոսի 7-ին: Ըստ կառավարության տնտեսաության վարկավորման վերաբերյալ որոշման, ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրել է 6,4 մլրդ դրամ վարկ ռուսական կայունացման վարկի շրջանակներում:






