AM
8 Փետրվար 2013 - 11:43 AMT

Հայ գործարար կանայք դուրս են գալիս միջազգային շուկա

Վերջին տարիներին գործարար կանանց քանակը Հայաստանում աճել է, գործարար կանանց թիվն այսօր կազմում է երկրում գործարարների ընդհանուր թվի 8 տոկոսը:

Սակայն, այդ ցուցանիշը դեռ հեռու է այն ցուցանիշից, որին հասել են ԱՄԷ գործարար կանայք, նրանց տարեկան ակտիվները հասնում են 400 մլրդ դոլարի: Արաբական երկրում ստեղծված են բոլոր պայմանները կանանց աջակցելու համար՝ գործում են հատուկ հիմնադրամներ, ընդունելի տոկոսադրույքներ, մեծ է անհրաժեշտ կրթություն ստանալու հնարավորությունը: Ավելին, կան ազատ գոտներ, որտեղ շատ հեշտությամբ կարելի է գործ բացել: Դրանում համոզվել են հայ գործարար կանայք, այցելելով ԱՄԷ իրենց ռուս ֆործընկերների հետ: 44-հոգանոց պատվիրակությունը, որից 20 ՀՀ ներկայացուցիչներ էին զբոսաշրջության, շինարարության, կրթության, բժշկության և այլ ոլորտներից, ընդունել է ԱՄԷ առևտրաարդյունբերական պալատի գործարար կանանց հիմնադրամի նախագահ Ֆաթիմա Օբայդ Ալ Ջաբերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Քուվեյթի նախկին թագավորի դուստր, շեյխա Խոսա ալ Սաբահին: Հանդիպման ավարտին ստորագրվել է հուշագիր, որը հիմք կծառայի հետագա համագործակցության համար:

Ինչպես ասել է Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական (գործարար տուրիզմի գծով) ԼիլիաԳևորգյանը, հայ գործարար կանայք հրավեր են ստացել մասնակցելու Քուվեյթում կայանալիք ցուցահանդեսին ընթացիկ տարվա մայիսին: Ակնկալվում է նաև ԱՄԷ գործարար կանանց պատասխան այցը: Քննարկվել է նաև համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը:

Անդրադառնալով առկա խնդիրներին՝ «Միկա ցեմենտ»-ի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը նշել է ֆինանսական միջոցների մատչելիությունը: Դրանք «հայթայթելու» համար առաջին հերթին հարկավոր է գիտելիքներ ունենալ հարկային վարչարարության ոլորտում, կարողանալ ճիշտ բիզնես-պլան մշակել, հարկավոր է նաև պետություն աջակցությունը: Իսկ այն գործարար կանանց համար, որոնք արդեն կայացած բիզնես ունեն, և ցանկանում են այն ընդլայնել, հիմնական խնդիրը նոր շուկաներ դուրս գալն է, ինչին կարող են նպաստել ԱՄԷ գործարար կանայք: