AM
21 Փետրվար 2013 - 09:02 AMT

ՏՀՏ լիդերները Աղվերանում կմշակեն տեխնոլոգիական և նորարարական ոլորտների զարգացման ուղիները

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման խնդիրները քննարկելու նպատակով, կհամախմբվեն փետրվարի 23-24-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում` «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում շրջանակներում:

Փորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները` ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում, էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության զարգացման խթան, նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ, ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը:

Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՏՏ վարչության համակարգչային ծրագրային մշակման և ապահովման բաժնի պետ Անահիտ Դիլանյանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության անուղղակի հարկերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սարգիս Դեղոյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղարության պետ Արմեն Գրիգորյանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները, հայտնում է ԻՏՁՄ հանրային կապերի բաժինը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը: