Սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայի Պուշկինի հրապարակում կանցկացվի հայկական արտադրանքի «Ոսկե նուռ» > տոնավաճառը: Տոնավաճառը կանցկացվի Հայաստանի Հանրապետության եւ Մոսկվայի կառավարությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոնական վարչական համայնքի թաղապետարանի աջակցությամբ: Ինչպես տեղեկացրել է ԿՎՀ թաղապետ Սերգեյ Բոյդակովը, տոնավաճառը կանցկացվի Մոսկվայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում: Տոնավաճառի կազմակերպման մասին որոշումն ընդունվել է երկկողմ աշխատանքային հանձնաժողովի ընթացիկ տարվա հունիսին կայացած առաջին նիստի ժամանակ: Հիշեցնենք, որ 2005 թվականը Հայաստանում հայտարարվել է Ռուսաստանի տարի, իսկ մյուս տարին կլինի Ռուսաստանում Հայաստանի տարի: Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Մոսկվայի կառավարության ղեկավարներ, ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայտնի ձեռներեցներ եւ մշակույթի ու գիտության գործիչներ, Մոսկվայում հայ սփյուռքի ներկայացուցիչներ: Տոնավաճառին կմասնակցեն շուրջ հարյուր հայկական ձեռնարկություններ: Մոսկվացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին սպասում են լավագույն հայկական մթերքները. այծի եւ ոչխարի պանիր, բաստուրմա եւ սուջուխ, բնական հյութեր եւ նեկտարներ, մուրաբաներ եւ պահածոներ` պատրաստված ավանդական հայկական բաղադրատոմսերով, թեյ, սուրճ, համով փախլավա եւ հոտավետ մեղր, հյութեղ մրգեր եւ բանջարեղեն, մաքուր բժշկական սեղանի հանքային ջրեր: Հայաստանը համարվում է բնապահպանման տեսակետից աշխարհի մաքուր երկրներից մեկը, եւ արտադրվող արտադրանքի շուրջ 80 % -ը արտահանվում է այլ երկրներ: Բացի մթերքներից տոնավաճառում լայն տեսականիով ցուցադրվելու են նաեւ արդյունաբերական ապրանքներ` տրիկոտաժ, հագուստ տղամարդկանց, կանանց եւ մանուկների համար, էլեկտրասարքեր, բժշկական կոսմետիկա, բնական միկրոբուսաբանական ավելացումներ, հուշանվերներ, գորգեր, գրքեր, ժողովրդական արհեստագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի իրեր: Բացի այդ, տոնավաճառում կկազմակերպվի իսկական երեւանյան վերնիսաժ` բարձր կարգի վարպետների հետ: Հայաստանի լավագույն նկարիչները եւ արհեստագործները մոսկվացիների դատին կներկայացնեն իրենց աշխատանքները, կբացեն ծավալուն գոբելենների հյուսքի գաղտնիքը, բոլոր ցանկացողներին կսովորեցնեն հայկական կրակոտ պարեր, ցույց կտան, թե ինչպես է կավից ստացվում կուժ, եւ ինչպես են Հայաստանում նախշանկարում կտորի վրա: Տոնավաճառի շրջանակներում մոսկվացիներին եւ մայրաքաղաքի հյուրերին սպասվում է նաեւ հետաքրքիր մշակութային զվարճալի ծրագիր, մանկական եւ մեծահասակների ֆոլկլորային խմբերի, պարային եւ գործիքային անսամբլների, Հայաստանից եւ Մոսկվայից ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ: Տոնավաճառի այցելուների համար կազմակերպիչները մտածել են բազմաթիվ մրցույթներ` նվերներով եւ մրցանակներով: Տոնավաճառի ժամանակ այցելուները կարող են համտեսել հայկական եւ համաշխարհային խոհանոցի կերակուրներ, տեսնել խոհարարների իսկական շոու: Հայկական ապրանքների տոնավաճառը կավարտվի հայկական եւ ռուսական էստրադայի աստղերի համերգով եւ տոնական սալյուտով, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները: