Հայաստանի կառավարությունը դեմ չի լինի, որպեսզի ռուսաստանյան ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» հոլդինգը դառնա «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատերն այն դեպքում, եթե ՌԱՕ-ն ստանձնի էլեկտրացանցերի նախկին տեր` բրիտանական Midland Resources LTD ընկերության պարտավորությունները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ինչպես նշել է նախարարը, ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը համաձայնվել է ապահովել Midland Resources LTD ընկերության կողմից Հայաստանի կառավարության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները եւ մոտակա 1,5 ամսվա ընթացքում այդ ընկերությունը պաշտոնապես կմտնի հայկական էլեկտրացանցերի սեփականատիրոջ իրավունքների մեջ: Մովսիսյանի խոսքերով` բրիտանական ընկերության ղեկավարությունը հայկական էլեկտրացանցերից հրաժարվելու իր որոշումը պատճառաբանում է այն փաստով, որ նպատակ չունի ներդրումներ կատարել տարածաշրջանի էներգետիկ համակարգում: Նախարարը կտրականապես չի համաձայնվել այն կարծիքին, որ էլեկտրացանցերի փոխանցումը ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիին» կթուլացնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նրա խոսքերով` ով էլ որ լինի էլեկտրացանցերի տերը, նա կգործի Հայաստանի իրավական դաշտում եւ օրենքով սահմանված գնային ռեժիմում: Նախարարը նշել է նաեւ ռուսաստանյան հոլդինգի դրական դերի մասին, որն իր ժամանակին օգնել է Հայաստանին էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամերի հաղթահարման գործընթացում, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի վերականգնման գործում: Խոսելով Իրան-Հայաստան գազամուղի շինարարության գործընթացի մասին` Ա.Մովսիսյանը հայտարարել է, որ Իրանը եւս կֆինանսավորի Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան -Երեւան հատվածի անցունակության մեծացմանն ուղղված աշխատանքները: Նախարարի խոսքերով` ներկայումս գազի մայրուղու անցկացման գործընթացը ակտիվորեն շարունակվում է ինչպես իրանական, այնպես էլ` հայկական հատվածներում: Հայաստանի էներգետիկայի նախարարը հավաստիացրել է, որ Իրան-Հայաստան գազամուղը շահագործման կհանձնվի նշված ժամկետից 4-5 ամիս շուտ: Հայ-իրանական պայմանագրի համաձայն` այդ ճանապարհով Իրանից Հայաստան ներմուծվելիք առաջին գազը երկիր կմտնի 2006 թվականին: Ա.Մովսիսյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի տարածքում գազամուղի անցունակության մեծացմանն ուղղված իրանական ներդրումները կփոխհատուցվեն էլեկտրաէներգիայի տեսքով, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: