AM
27 September 2005 - 05:49 AMT

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կայացավ տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի (US-Armenia Task Force) հերթական նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վ. Ներսիսյանցը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ա. Կիրակոսյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանում տնտեսական աճի նպաստող ժողովրդավարական բարեփոխումները, «Հազարամյակի մարտահրավերների» հիմնադրամի շրջանակներում ՀՀ ծրագրի ներկա կարգավիճակը, ՀՀ տնտեսական քաղաքականությունն ու երկարաժամկետ զարգացումը, Հայաստանում ներդրումների եւ գործարարության միջավայրի բարելավումը, Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները եւ առեւտրի խնդիրները, Հայաստանի դատական համակարգի բարելավումը եւ այդ ասպարեզում ԱՄՆ օժանդակությունը, ՀՀ կրթության եւ գիտության ոլորտներում առկա խնդիրները եւ դրանց բարելավման ուղղությունները, Հայաստանի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներ, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարության շարունակական օժանդակությունը ՀՀ գյուղատնտեսական ոլորտին: Նույն օրը տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի անդամների պատվին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄՆ պետդեպարտամենտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առեւտրի դեպարտամենտների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: