AM
26 Փետրվար 2013 - 09:50 AMT

7 սիրիահայեր իրենց գործն են բացել Հայաստանում

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) փետրվարի 25-ին հավաստագրեր է հանձնել 35 սիրիահայ, որոնք մասնակցել են «Հաջող սկիզբ» դասընթացներին: Ինչպես ասել է կենտրոնի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը, յոթ սիրիահայեր արդեն սկսել են իրենց գործը, առաջիկա օրերին նրանց կմիանան ևս 20, ինչպես նաև աշխատանք է տարվում սիրիացիների երրորդ խմբի հետ, որոնք մտադիր են իրենց գործը հիմնել հայրենիքում: Սիրիահայերը բացել են կարի արտադրամաս, հին կահույքի վերանորոգման արտադրամաս, տեխսպասարկման կետ: Կան նաև նորարարական ձեռնարկություններ, որտեղ արտադրում են, օրինակ, բարձր ճնշման պոմպեր:

Վարազդատ Կարապետյանը հավելել է, որ պետությունը մոտ 100 մլն դրամ է հատկացրել սիրիահայ գործարարներին աջակցելու համար, որից 5 մլն դրամն արդեն իրացվել է:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ սիրիահայերը ոչ միայն բնակություն կհաստատեն Հայաստանում, այլ կկարողանան նաև գործարարությամբ զբաղվել և իրենց ավանդը ներդնել Հայաստանի զարգացման գործում: