Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Բարձր գնահատելով հայ-հունական հարաբերությունների ներկայիս մակարդակը` կողմերը նշել են, որ այս տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի նախատեսվող պետական այցը Հունաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման եւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Կարեւորելով եվրոպական կառույցներում եւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը` Ա. Մարգարյանը եւ Ա. Վլավիանոսն նշել են, որ, մասնավորապես, «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ Հարավային Կովկասի ընդգրկումը նոր հեռանկարներ է բացում ինչպես Եվրամիության, այնպես էլ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար: Հիշեցնելով, որ Հայաստանն այս տարվա հունիսին արդեն իսկ պաշտոնապես եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը` ՀՀ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է, այլ երկրների շարքում, դիտարկել նաեւ Հունաստանի հետ հետագա համագործակցությունը` Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Անդրադառնալով երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին` զրուցակիցները փաստել են, որ հարաբերություններն այդ ոլորտում, չնայած որոշակի զարգացմանը, առայժմ չեն արտացոլում երկու երկրներում գոյություն ունեցող հնարավորությունները եւ զարգացման զգալի ներուժ ունեն: Առավել եւս, որ դրա համար կողմերի միջեւ առկա է համապատասխան իրավական դաշտ: Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է նաեւ Հայաստանի առավել ակտիվ ընդգրկումը Եվրամիության հովանու ներքո տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչը, ըստ նրա` դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա եւս: Զրուցակիցները բարձր են գնահատել մինչ այժմ Հայաստանում հունական կողմի ջանքերով մի շարք ոլորտներում իրագործված ծրագրերի մասին: Ընդգծվել է նաեւ ռազմական բնագավառում հաջող փոխգործակցության հանգամաքը: Երկուստեք կարեւորելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը` կողմերն անընդունելի են համարել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնող Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը եւ Անկարայի կողմից ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում նախապայմանների առաջադրումը: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: