ԱՄՆ-ի ներգաղթի և վիզաների գործակալությունը Ջորջիա նահանգի ճամբարներից ազատ է արձակել այնտեղ պահվող հարյուրավոր ապօրինի ներգաղթյալների: Այս մասին գրում է CNN-ն ու հաղորդում նաև, որ պատճառն ուրբաթ օրն ուժի մեջ մտնող ԱՄՆ կառավարության ծախսերի կրճատման քաղաքականությունն է: Ընդ որում` ծախսերը կրճատվելու են 85 մլն դոլարով, իսկ ապօրինի ներգաղթյալներն առավել քիչ ծախսատար պահման վայրեր են տեղափոխելու։Նախագահ Բարաք Օբամայի այս նախաձեռնությունը խիստ քննադատել են Հանրապետականները, նշելով, որ քրեական տարրերին պետք չէր ազատ արձակել: Այս քննադատությանը Ներգաղթի և վիզաների գործակալությունը պատասխանել է, որ ամբողջ երկրով մեկ պահվող ապօրինի ներգաղթյալների թիվն ավելի քան 30 հազար է, իսկ ազատ արձակվածներն ընդամենը մի քանի հարյուրն են, որոնք լուրջ խախտումներ թույլ չեն տվել:






