Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կողմերն անդրադարձել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի Կազանում տեղի ունեցած նիստի արդյունքներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է կատարել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունված որոշումները, այդ թվում` իր հնարավոր մասնակցությունը բերել ԱՊՀ բարեփոխմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները ԱՊՀ երկրների փոխգործակցության առաջնահերթ ուղղություններից են համարել տնտեսական ինտեգրումը, անվտանգության եւ կայունության ապահովումը, հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Տնտեսական եւ առեւտրային փոխգործակցության համատեքստում, որպես Հայաստանի դրական մասնակցության օրինակ, նշվել է, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առեւտրային շրջանառությունը 2005թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 31 տոկոսով: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, ԱՊՀ միացյալ բյուջեի կազմավորման խնդիրներին: