AM
29 September 2005 - 12:14 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 4-ՐԴ ՆԻՍՏԸ

Այսօր Երեւանում տեղի է ունեցել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Նիստի շրջանակներում հայկական եւ վրացական կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, Հայաստանին Վրաստանի պարտքերի վերաձեւակերպման վերաբերյալ եւ արձանագրություն Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է նիստի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում էին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նրա խոսքերով, նաեւ քննարկվել են փոխշահավետ գործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում: Գրեթե բոլոր հարցերը, որոնք մնացել էին նախորդ նիստից, լուծվել են, ասել է Ա.Մարգարյանը: Նրա կարծիքով, մնացած հարցերը կլուծվեն բարիդրացիական մթնոլորտում, քանի որ կողմերը դրանք կարգավորելու ցանկություն եւ ներուժ ունեն: «Ցանկանում են շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին մեր խնդիրների հանդեպ ունեցած կառուցողական մոտեցման համար եւ դա վերաբերվում է ոչ միայն մեր պետությունների եւ կառավարությունների հարաբերություններին, այլ նաեւ Վրաստանի կառավարության վերաբերմունքին ոչ միայն Ջավախքում, այլ նաեւ Վրաստանի այլ շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ»,-ամփոփել է Հայաստանի վարչապետը: