Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին գնալու հարցը ՀՅԴ-ն դեռ չի քննարկել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վստահ եմ, որ մոտ ժամանակներում հստակություն կլինի: Մասնակցելը կախված է ընթացքի գնահատումից: Ճիշտ եմ համարում համախմբված գնալ այդ ընտրություններին: Փորձը ցույց տվեց, որ միասնական ճակատով գնալը ավելի արդյունավետ է»,- ասաց նա:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտնեց, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, սակայն դեռ քննարկումներ են գնում:
Այս ընտրություններին մասնակցելու է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ճեպազրույցների ժամին ասաց, որ թեկնածուի հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հիշեցրեց, որ երեկ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:






