AM
5 Մարտ 2013 - 11:34 AMT

ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել

Մարտի 5-ին պետք է կայանար Կառավարության թիվ 2 մասնաշենքի՝ ԱԳՆ շենքի, աճուրդը: Ինչպես հայտնել են ՀՀ կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչությունում, աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Սա նշանակում է, որ շենքի միակ գնորդը կրկին մնում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր «Տանգո» ՓԲԸ-ին։

Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության, աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչև 2013-ի ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012-ի դեկտեմբերի 27-ի համար 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի է հանվում կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները և հատկացված հողամասը:Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը ԱԳՆ շենքի համար առաջարկել էր 51,2 մլն դոլար: Գնորդը պարտավորվում է շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել և օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը: Պայմանագրում կամրագրվի նաև Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը կլինի միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո, ասվում է ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պարզաբանման մեջ:դոլար: