AM
5 Մարտ 2013 - 12:16 AMT

Մարտի 6-ին Երևանում մեկնարկելու է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար

Մարտի 6-ին «Գրանդ Սպորտ» համալիրում մեկնարկելու է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար ` նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակներին:

Մրցաշարին մասնակցելու են տղաների և աղջիկների 4-ական թիմեր: Հանդես են գալու թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից, Թբիլիսիից, Բաթումիից (Վրաստան) և Ակտաուից (Ղազախստան): Այս հուշամրցաշարը նախապատրաստական է հայ մարզիկների համար, որի ընթացքում ցուցաբերած արդյունքների հիման վրա ձևավորվելու են Հայաստանի աղջիկների և տղաների պատանեկան հավաքականները և հուլիսին մասնակցելու են պատանիների Եվրոպայի առաջնությանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

«Նման մրցաշարերը ոչ միայն նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, այլ նաև մեծ հարգանքի տուրք է մարզաձևի երախտավորներին: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի լեգենդար հայ մարզիկների հիշատակը վառ մնա և նոր սերունդը ձգտի նմանվել նրանց»,- նշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, իսկ հաղթող թիմին հանձնվելու է նաև գավաթ: Մրցաշարում առավել արդյունավետ խաղ ցուցաբերած 5-ական աղջիկների և տղաների համար սահմանված են խրախուսական մրցանակներ: