Փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքում Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների գործով կա առաջին ձերբակալվածը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, ձերբակալված է Արարատի շրջանի 43-ամյա բնակիչ Գրիգոր Օհանյանը, որը հանձն է առել իր մասնակցությունն այդ անկարգություններին: Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Արտաշատում Արամ Կարապետյանի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում վիրավորվել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը, որն այժմ գտնվում է երեւանյան հիվանդանոցներից մեկում: Տվյալ դեպքի հիման վրա հարուցված է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով, վարվում է հետաքննություն: