AM
5 Մարտ 2013 - 13:23 AMT

Հայաստանի մասնագետներն իրենց թվային լուծումները կներկայացնեն Հանովերի CeBIT ցուցահանդեսում

Մարտի 5-9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ցուցահանդեսում: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր» և «Իքս-Թեք» ընկերությունները, ինչպես նաև Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան: Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության «Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ:

Ցուցահանդեսին «Ինստիգեյթ»-ը կներկայացնի իր մշակած ծրագրային հավելվածները՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մուլտիթրեք մեդիա նվագարկիչը, ձեռնարկությունների զարգացման համար ծրագրային լուծումները և այլն: «Իքս-Թեք»-ը կներկայացնի իր Kinect ծրագրային հավելվածներն ու խաղերը, վեբկայքերի մշակման ծառայությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ցանցերի և բջջային հեռախոսների ծրագրային հավելվածները, և իր վերջին՝ CityBugs.am նախագիծը: «Լոկատոր»-ը կներկայանա ավտոմեքենաների շարժին հետևելու, տվյալների փոխանցման, 3D մոդելավորման և այլ նախագծերով:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և տեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է: Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվն անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր մի քանի անգամ մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների հզորացումը, բիզնես հաղորդակցության և վաճառքի հմտությունների բարելավումը, ինչպես նաև գործընկերային կապերի հաստատումը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը միտված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման խթանմանը: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը: