AM
5 October 2005 - 13:58 AMT

Հոկտեմբերի 6-ին Երեւանում կկայանա հայ-իտալական գործարար համաժողովը:

Այսօր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն հանդիպեց Իտալիայի արտաքին առեւտրի նախարար Ադոլֆո Ուրսոյին, որը Հայաստան է ժամանել Հայ-իտալական բարեկամության օրերի բացման կապակցությամբ` հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Վարդան Օսկանյանը բարձր գնահատեց Հայ-իտալական բարեկամության օրերի կազմակերպումը` նշելով, որ այն արտացոլում է Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: ԱԳ նախարար Վ.Օսկանյանի ներկայացմամբ, օրերի ընթացքում Հայաստանի հասարակությանը յուրահատուկ հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու հայ-իտալական հարաբերություններին, իտալական մշակույթին: Ադոլֆո Ուրսոն հատուկ նշեց Հայաստանի եւ Իտալիայի միջեւ վերընթաց զարգացող առեւտրատնտեսական հարաբերությունները: Կողմերը հայտարարեցին, որ չնայած դրական դինամիկայի` այս ուղղությամբ անելիքներ շատ կան: Այս համատեքստում կարեւորվեց հոկտեմբերի 6-ին մեկնարկող հայ-իտալական գործարար համաժողովի կազմակերպումը: Իտալիայի նախարարի խնդրանքով Վ.Օսկանյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: