AM
13 Մարտ 2013 - 13:22 AMT

Ավիգդոր Էսկին. Իսրայելը դեմ չէ Ադրբեջանին, այլ փորձում է կանխել սադրանքները

Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը, որը մտնում է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի կազմի մեջ, զգուշացրել է իսրայելցիներին Իրանի ու «Հեզբոլլահի» կողմից ահաբեկչության բարձր վտանգի մասին աշխարհի տարբեր երկրներում: Ճիշտ չէ, թե Ադրբեջանը հատուկ ընդգծված էր: Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:

«Եթե նման զգուշացում է լինում, նշանակում է դա արվում է լրջագույն տեղեկատվական բազայի հիման վրա: Խոսքը ոչ թե Ադրբեջանին դժգոհություն հայտնելու մասին է, այլ սադրանքները կանխելու մասին»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով իսրայելյան զենքի գնմանը Ադրբեջանի կողմից՝ Էսկինն ասել է. «Ադրբեջանը սուր հակամարտության գոտում է գտնվում: Նա ձգտում է հզոր ռազմական երկիր դառնալ, Թուրքիայի ու Իրանի մակարդակի: Նման կարգի զենք այսօր կարելի է գնել միայն Իսրայելում: Միայն Իսրայելն ունի ռազմական գործողությունների վարման դրական փորձ այնպիսի պայմաններում, որոնք հիշեցնում են կովկասյան լանդշաֆտը: Ընդ որում, Իսրայելը չի միջամտում Ադրբեջանի ներքին գործերին»,-ասել է Էսկինը, հայտնում է Vesti.az-ը: