Փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքի բնակչության հետ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կազմակերպվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի կողմից, որը հասարակությանը հայտնի է Մուկ մականունով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ասվում է «Սահմանադրական իրավունք միություն» /ՍԻՄ/ կուսակցության հայտարարությունում: Փաստաթղթի համաձայն, հանցագործների գործողություններն Արտաշատում, որոնց արդյունքում վիրավորվել է թեկնածու Կարապետյանի նախընտրական շտաբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը, վերահսկել են նախարարի եւ նրա եղբոր` ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի որդիները, ինչպես նաեւ Արտաշատի ներկայիս քաղաքապետի աները: Ավելի վաղ նրանց կողմից գլխավորած 50-100 հոգուց բաղկացած հրոսակախումբը փորձել է խանգարել նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը ընտրողների հետ, ասվում է հայտարարությունում: Փաստաթղթում ՍԻՄ կուսակցության անդամները դժգոհություն են հայտնել հետաքննության ընթացքի կապակցությամբ եւ նրանից, թե ինչպես է ներկայացվում տեղի ունեցածը իրավապահ մարմինների կողմից, որոնք «փորձում են աղավաղել փաստերը եւ եղածը ներկայացնել որպես մի խումբ բանսարկուների սադրանք»: