Նախօրեին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ եւ Հայաստանի էներգետիկայի նախարարներ Սեմուել Բոդմանը եւ Արմեն Մովսիսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարը բարձր գնահատեց ԱՄՆ կողմից Հայաստանի էներգետիկայի տարբեր ոլորտներում իրականացվող աջակցությունը: Խոսելով Հայկական (Մեծամորի) ատոմակայանի նախատեսվող փակման մասին, Արմեն Մովսիսյանը նշեց, որ այն հնարավոր է միայն այլընտրանքային հզորությունների ստեղծման դեպքում: ՀՀ էներգետիկայի նախարարը նշեց նաեւ, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման խնդիրներում Հայաստանը ակնկալում է ԱՄՆ օժանդակությունը: Կողմերը պայմանավորվեցին նաեւ էներգետիկայի բնագավառում կազմակերպել հայ-ամերիկյան համաժողով, որին նպատակահարմար է ոչ միայն մասնավոր հատվածի, այլեւ ֆինանսական կազմակերպությունների մասնակցությունը: ԱՄՆ էներգետիկայի նախարարը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Հայաստանի էներգետիկայի զարգացմանը օժանդակելու ճանապարհները, նշելով ԱՄՆ առկա փորձը այս ոլորտներում: Ամերիկյան կողմը հետաքրքրվեց նաեւ Հայաստան-Իրան գազամուղի կառուցման ծրագրի իրավիճակով: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: