Մարտի վերջին App Store-ից հնարավորություն կունենաք ներբեռնել Արարատ թարգմանությամբ Bible Stones հայերեն աստվածաշնչյան ծրագիրը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի հեղինակ, ծրագրավորող Գագիկ Քյուրքչյանը պատմեց, որ այն դեռևս նախատեսված է միայն iPad, iPhone սարքավորումների համար, որոնք ունեն IOS 5.1 բարձր օպերացիոն համակարգ:
«Ծրագիրն առաջինը չէ: Մինչ այս էլ կային հայերեն որոշ աստվածաշնչյան ծրագրեր, բայց ոչ այն ֆունկցիոնալությամբ, որ մեր առաջարկածն է ունենալու: Մեր նպատակն էր ստեղծել աստվածաշնչյան ծրագիր, որը նաև շատ արագ կաշխատեր ու անվճար կլիներ: Դրա համար ուսումնասիրել ենք մինչև այս առաջարկվող ծրագրերը, թե ինչ ինտերֆեյս են առաջարկում կամ այլ ֆունկցիաներ, ու մեր ծրագրում իրար ենք միացրել բոլոր դրական կողմերը: Օրինակ մեր ծրագրով, ի տարբերություն մյուսների շատ արագ ձեր ուզած էջը կգտնեք»,- ասաց Գագիկ Քյուրքչյանը:
Նա ու դիզայներ Նարեկ Ավետիսյանը աշխատել սկսել են 4-5 ամիս առաջ: Նրանց օգնել է Լարրի Բեկչյանը: Ծրագրավորողը պատմում է, որ այս ծրագիրը դեռ շատ ընդլայնվելու տեղ ունի:
«Օրինակ, ոչ միայն հայերեն, այլև այլ լեզուներով ենք այն առաջարկելու: Բացի այդ հետագայում նախատեսում ենք ծրագիրը հասանելի դարձնել նաև Android-ի համար», – ասաց Գ. Քյուրքչյանն ու բացատրեց, որ App Store-ում հայտնվելու ժամկետը կախված է բանկային համակարգի ու Apple-ի հետ որոշ տեխնիկական խնդիրներից, բայց այս ամսվա վերջ դրանք լուծված կլինեն:
Ծրագիրը տեղադրվելու է անվճար:






