AM
6 February 2003 - 14:55 AMT

ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեվիսը Հայաստան կայցելի մարտի 26-28-ը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Զեկուցողը մտադիր է այցելել նաեւ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Հ.Հովհաննիսյանի խոսքերով, Թ.Դեւիսի երթուղին դեռ կհստակեցվի մոտ օրերս: Նշենք, որ զեկուցողի երրորդ երկրով Լեռնային Ղրաբաղ այցելելու օրերս հայտնած մտադրությունը միանշանակ արձագանք չի գտել Բաքվում: Այդ երկրի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղ Դեվիսը պետք է մեկնի Ադրբեջանից, իսկ եթե հնարավորություն առաջանա Ղարաբաղ ուղեւորվել Վրաստանի տարածքով, դրա համար պետք է տրվի Բաքվի հատուկ թույլտվությունը: Այցի արդյունքների հիման վրա զեկուցողը կնախապատրաստի ղարաբաղյան հակամարտության մասին զեկույց, որը, ինչպես սպասվում է, կքննարկվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: