AM
22 Մարտ 2013 - 08:52 AMT

«Արևմտյան Կովկաս. արդիական խնդիրներ» գիտաժողովը նշանակալի իրադարձություն էր գիտական հանրության համար

Դոնի Ռոստովում մարտի 18-19 տեղի ունեցած «Արևմտյան Կովկաս. Արդիական խնդիրներ» գիտաժողովը նշանակալի իրադարձություն էր գիտական հանրության համար, այն նվիրված էր կովկասագիտության արդիական խնդիրներին: Ուրախալի է, որ կազմակերպիչը՝ կովկասագետների միությունը, որի նախագահն է Ալեքսանդր Կռիլովը, կարողացավ մի հարթակում հավաքել Մոսկվայի, Ռոստովի, Ստավրոպոլի, Կաբարդինո- Բալկարիայի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի և նույնիսկ Ուկրաինայի ակադեմիական գիտության ներկայացուցիչներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: «Ցավոք բացակայում էին Հարավային Օսեթիայի ու Վրաստանի ներկայացուցիչները, հավանաբար, դա բացատրվում է բարդ ներքին քաղաքական իրավիճակով այդ երկրներում»,- ասել է նա:

Ռուս փորձագետն ասել է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ Սոչիի Օլիմպիադայի դերից Կովկասի կայունացման կամ ապակայունացման համատեքստում, մինչ այսպես կոչված «չերքեզների ցեղասպանության» հարցը: «Տարբեր կարծիքներ հայտնվեցին, ակտիվ բանավեճ ընթացավ, սակայն ամեն ինչ մնաց գիտական բանավեճի շրջանակներում, առանց անցումի քաղաքական կարգախոսների ու քարանձավային ազգայնականության: Հատուկ ուշադրություն դարձվեց տեղեկատվական քաղաքականությանը և պայքարին պատմագիտական առասպելների հետ: Հիշելով անցյալի ողբերգական էջերի մասին, մենք պետք է մտածենք համատեղ լուսավոր ապագայի մասին»,-ասել է Սկակովը: