AM
6 February 2003 - 14:45 AMT

ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացուցիչների նիստի ընթացքում ընդունվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանումում փախստականների եւ տեղահանված անձանց վիճակի մասին ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականի պատասխանը: Նիստի ընթացքում, ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խոսելով այդ որոշման մասին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը գոհունակություն է հայտնել այն առիթով, որ բարձրացված հարցի շուրջ Նախարարների կոմիտեի եւ Խորհրդարանական վեհաժողովի արտահայտած տեսակետները համընկնում են: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից բոլոր շահագրգիռ կողմերի հետ վարվող բանակցային գործընթացի բաղադրիչ մասն է եւ խնդրի վերջնական ու տեւական լուծում կարող է գտնվել միայն հակամարտության գլոբալ քաղաքական կարգավորման շրջանակներում»,-նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կիսում է նաեւ այն տեսակետը, ըստ որի փախստականները եւ տեղահանված անձինք չպետք է դառնան պետությունների քաղաքականության պատանդներ, ինչը քաղաքական շահարկման է ենթարկում այդ մարդկանց ճակատագրերը: