AM
6 February 2003 - 14:44 AMT

«ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ, ԹՈՒՐՔԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՍ ՈՒՍԻ», ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԳԵՆԵՐԱԼԸ

Ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցերը քննարկվել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Թուրքիայի ազգային անվտանգության ակադեմիայի պետ, գեներալ Քենան Դենիզի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Սաֆար Աբիեւը տեղեկացրել է հյուրին Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության մասին: «Նման իրավիճակում որոշ երկրներ օգտագործում են Հայաստանը որպես Ադրբեջանի դեմ ճնշում գործադրելու լծակ, այդ պատճառով ծայրաստիճան կարեւոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան գործեն միասին»,- ասել է Աբիեւը: Իր հերթին, Քենան Դենիզը նշել է, որ եթե անհրաժեշտ լինի, «թուրքերը հայերի դեմ կպայքարեն ադրբեջանցիների հետ ուս ուսի»: