AM
24 October 2005 - 09:54 AMT

Երեւանում ընթանում է հայ-ճապոնական գործարար համաժողով

Այսօր Երեւանում ընթանում է հայ-ճապոնական գործարար համաժողով: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձ է հղել գործարար համաժողովի մասնակիցներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է. Թույլ տվեք ի սրտե ողջունել Ձեզ հայ-ճապոնական գործարար համաժողովի բացման առիթով: Ինձ համար առանձնապես հաճելի է այն փաստը, որ Հայաստան է ժամանել ճապոնացի գործարարների ստվար պատվիրակություն` առաջատար ճապոնական ընկերությունների մասնակցությամբ: Հայ-ճապոնական գործարար կլոր սեղանի անցկացումը վկայում է մեր երկկողմ առեւտրատնտեսական կապերը խթանելու փոխադարձ շահագրգռվածության մասին: Այս միջոցառումը նաեւ ուղղակի դրական արձագանքն է սույն թվականի հունիսին Ճապոնիա կատարած իմ այցի, որի նպատակն էր մասնակցել Աիչի նահանգում «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսին եւ որի ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարեւոր պայմանավորվածություններ ճապոնական կողմի հետ: Համոզված եմ, որ մեր երկրների գործարարների այս հանդիպումը հնարավորություն կընձեռի նոր եւ հեռանկարային գործնական կապերի ստեղծման, ճապոնական ուղղակի ներդրումների ներգրավման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար, որոնք մեր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակներից են: Կարեւորելով ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ հարաբերությունների, հատկապես` տնտեսական կապերի զարգացումը, Հայաստանի կառավարությունը պատրաստ է այսուհետ եւս աջակցել նման միջոցառումներին, որոնք բխում են մեր երկու երկրների տնտեսական ու քաղաքական շահերից եւ լիովին համահունչ են «Հարավային Կովկաս- Ճապոնիա» նոր նախաձեռնության գաղափարների հետ: Մաղթում եմ հանդիպման մասնակիցներին բեղմնավոր աշխատանք, եւ հույս հայտնում, որ այսուհետեւ նման գործարար շփումները շարունակական բնույթ կկրեն` մոտ ապագայում տալով իրենց դրական արդյունքները»: