Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Իսեյ Նոմուրային եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է գտնվում հայ-ճապոնական գործարար կլոր սեղանի անցկացման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ասուլիսը: Ողջունելով կլոր սեղանի բացման առթիվ, վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարարների այս համաժողովը եւս կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանմանը, ուղղակի ներդրումների ներգրավմանը, նոր ու հեռանկարային գործնական կապերի ստեղծմանը, որոնք, ըստ նրա, Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակներից են: Նա նշել է, որ այս միջոցառումը դիտում է որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների նոր դրսեւորում, ինչպես նաեւ հունիսի սկզբին Ճապոնիա կատարած իր այցի ուղղակի դրական արձագանքը, որի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց Աիչի նահանգում «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսին եւ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը: Անդրանիկ Մարգարյանը, օգտվելով առիթից, իր երախտագիտությունն է հայտնել ճապոնական կողմին` այցի ընթացքում ցույց տրված ջերմ ընդունելության եւ բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու համար:
Դեսպան Իսեյ Նոմուրան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Երեւան ժամանած ճապոնական գործարարների ստվար պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության եւ կլոր սեղանը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ընդգծելով, որ Աիչի նահանգում սեպտեմբերի 25-ին հաջողությամբ է ավարտվել «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված էր իր առանձին տաղավարով, նա եւս վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները, դառնալով պարբերական, մեծ նպաստ կարող են բերել հայ-ճապոնական բարեկամության ու տնտեսական կապերի խորացմանը, երկու երկրների գործարարների միջեւ անմիջական կապերի հաստատմանը:
Զրույցի ընթացքում, որպես համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ, դեսպան Նոմուրան եւ ճապոնացի գործարարները նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, էներգետիկայի, թանկարժեք քարերի ու մետաղների, ինչպես նաեւ սննդի վերամշակման, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտները: Նշելով, որ Ճապոնիան ներկայումս ջանում է ակտիվացնել առեւտրատնտեսական հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում`Հայաստանի հետ, նրանք ընդգծել են, որ նշված ոլորտներում Հայաստանի ներուժի վերաբերյալ առավել իրազեկ են դարձել այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կազմակերպված հայ-ճապոնական առաջին գործարար կլոր սեղանի ժամանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է նաեւ միմյանց տնտեսության առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման անհրաժեշտությունը: Վարչապետը եւ դեսպան Իսեյ Նոմուրան նշել են, որ թեեւ Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ հարաբերությունները զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման ոգով, սակայն դրանք ընդլայնման մեծ ներուժ ունեն:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-ճապոնական երկխոսությանը նոր որակ հաղորդելու հայկական կողմի ցանկությունը` օգտագործելով առկա նախադրյալները: Նշելով, որ այսօր Ճապոնիան Հայաստանի ամենախոշոր դոնոր երկրներից մեկն է, վարչապետը կարեւորել է Զարգացման պաշտոնական աջակցման (ODA) շրջանակներում այդ երկրի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, որն ընդգրկում է ընդհանուր դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, մշակութային, հետազոտական եւ փոքրածավալ դրամաշնորհներ, արտոնյալ վարկերի տրամադրում եւ այլն: Հիշատակելով, մասնավորապես, այս տարվա մարտին Երեւանում ստորագրված էներգետիկ ոլորտին վերաբերող միջկառավարական համաձայնագիրը, նա երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը շուրջ 150 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ հատկացնելու համար, որն ըստ նրա, առ այսօր միջազգային դոնորների կողմից Հայաստանին հատկացված վարկերից իր ծավալով խոշորագույնն է եւ անչափ կարեւոր` տնտեսական բարեփոխումների տեսակետից: