«Երեւում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի գործերը շատ վատ են, եթե նա դիմում է նման միջոցների»: Ադրբեջանական թերթերից մեկին այդպես է մեկնաբանել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բաքվի 1990թ. հունվարի 20-ի իրադարձությունների կապակցությամբ իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկատվությունը: Համաձայն ադրբեջանական կողմի, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԽՍՀՄ նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար հիմք է հանդիսանում հանրապետությունում արտակարգ իրավիճակի հայտարարումը: Հատուկ իրավիճակը մտցվել է այն կապակցությամբ, որ Գերագույն խորհրդի, այլ քաղաքական եւ պետական մարմինների գործունեությունը կաթվածահար էր եղել, տասնյակ մարդիկ ծայրահեղական սանձարձակության զոհ էին դարձել, մի շարք շրջաններում բռնի կերպով կատարվել էր իշխանափոխություն: Անօրինականության ծավալումը դադարեցնելու նպատակով էլ հայտարարվել էր արտակարգ դրություն: Պաշտոնական Բաքվի տեսակետից, խորհրդային ղեկավարության ապօրինի գործողությունների արդյունք են դարձել Ադրբեջանի մայրաքաղաքի արյունալի իրադարձությունները: Միայն պաշտոնական տվյալներով, «սահմանադրական կարգի հաստատումը» հանգեցրել է 134 խաղաղ քաղաքացու մահվան, 700-ը վիրավորվել են, 12-ը անհայտ կորել: Միխայիլ Գորբաչովը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե Ադրբեջանի նախագահը տեղյակ չէ այն ժամանակ ստեղծված իրավիճակի մասին: Նա ենթադրել է, որ «պարզապես Ալիեւի գործերը իսկապես վատ են»: «Ինչ-որ բան անհանգտացնում է նրան եւ նա սկսել է դեսուդեն ընկնել: Այլապես, ոչինչով հնարավոր չէ բացատրել այն աղմկալի քարոզարշավը, որում ներգրավվել են նաեւ կրոնական շրջանակները»,- ասել է Գորբաչովը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ընդդիմությունն Ալիեւին անցանկալի հարցեր է տալիս, այդ պատճառով էլ «պետք է եկել նման շեղող քայլը »: