Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը շատ լուրջ խնդիր է արծարծել՝ նշելով, որ «օդային տարածքը չի կարելի վստահել օտարներին», և կոչ է արել պետությանը ամենալուրջ կերպով մտածել սնանկացած «Արմավիայի» հետագա մասնակցության մասին: Ըստ նրա, պետությունն ուղղակի պարտավոր է մասնակցություն և մասնաբաժին ունենալ նման կարևոր ռազմավարական օբյեկտում, նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, որը գործնականում ցամաքային շրջափակման մեջ է: Այս կամ այն օպերատորի հարցը, որը կգա փոխարինելու «Արմավիային», պետք է երկրորդ պլան մղվի:
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի: Դա սպասելի էր, քանի որ ընկերությունը չկարողացավ հաղթահարել 2009թ. ճգնաժամը, և մենեջմենթն էլ բարձր մակարդակի վրա չէր: Կուտակվող պարտքերը բախումների պատճառ էին դառնում «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարության հետ, ստիպում էր չեղյալ հայտարարել չվերթները, ուղղությունները, նպաստում էին սպասարկման նվազեցմանը:
Արդյունքում դա էլ դրդեց ընկերությանը դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթացը: Սակայն, այստեղ մեկ հետաքրքական հանգամանք կա՝ ինչո՞ւ ընկերությունն ինքն իրեն սնանկ հայտարարեց, ու չդիմեց դատարան: Չէ որ ըստ ՀՀ «Սնանկության մասին» օրենքի, ընկերությունը սնանկ է համարվում բացառապես դատարանի որոշմամբ: Դատարան դիմելուց հետո, երբ անվճարունակության փաստն ակնհայտ է, երեք օրվա ընթացքում դատավորը միակողմանի կարգով որոշում է կայացնում: Եթե հետաքննության անհրաժեշտություն կա, ապա դատարանը 10 օրից պետք է նիստ հրավիրի որոշումը հրապարակելու համար: Սակայն, մեր օրենսդրությունը չի պարզաբանում, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված սնանկության կարգի կոպիտ խախտման համար:
Օրերս ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն ասաց, որ այժմ մնում է հուսալ, որ այն ձեռք կբերի հզոր ու ավելի մեծ ներուժ ունեցող ընկերություն, որը կկարողանա զերծ պահել «Արմավիան» սնանկության հետ կապված հետագա խնդիրներից: Սակայն, դա շատ բարդ հարց է, քանի որ ավիացիոն շուկան Հայաստանում փոքր է և դժվար է գտնել խոշոր ներդրողի:
Ազգային ավիափոխադրողը ծանր վիճակում է հայտնվել, մինչ այժմ պարզ չէ, թե ո՞վ է վճարելու պարտքերը: Այդպես, «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայց է ներկայացնում «Արմավիայի» դեմ Միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարան: Խոսքը գնում է SSJ-100 № 95007 ինքնաթիռի գծով պայմանագրային պարտավորությունների կատարման, ինսչպես նաև վնասների փոխահտուցման մասին, որոնք կապված են մատակարարման պայմանագրի խզման հետ: Հայցը կներկայացվի առաջիկա օրերին, հայցով նախատեսված գումարը կազմում է 1,385 մլն դոլար:
Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ներում տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, թե ով կդառնա ընկերության սեփականատերը՝ օտարերկրյա ընկերություն, պետությունը թե հայկական «Կռունկ էյր» ընկերությունը: Վերջինս գրանցվել է 3 տարի առաջ, նրա բաժնետերերից մեկը պետությունն է: Իսկ ի՞նչ են անելու բոլոր այն մարդիկ, որ աշխատել են ընկերությունում, ուղղակի մնալով փողոցում, և այն հիասթափված ուղևորները, որոնք հույս ունեն հատուցում ստանալ:
Հայաստանի օդային տարածքն անտեր է մնացել, երկրի վարկանիշը, որը մտադիր է զբոսաշրջությունը զարգացնել և այցելությունների թիվը հասցնել 1 մլն, արդեն իսկ տուժեց անգրագետ կառավարման պատճառով, այն դեպքում, երբ մեր երկիրը կարող էր դառնալ տարածաշրջանային հաբ (տարանցիկ հանգույց) և առաջատար միջազգային ավիաուղիները ներկայացված լինեին ոչ թե հարևան Ադրբեջանում կամ Վրաստանում, այլ մեր երկրում, որտեղ կան բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները ի դեմս արդիական «Զվարթնոց» օդանավակայանի:






