AM
8 Ապրիլ 2013 - 10:16 AMT

Երևանի կոնյակի գործարանն առաջին անգամ պայմանագիր է կնքել խաղողագործի հետ 7 տարով

Ապրիլի 8-ին Երևանի կոնյակի գործարանն (ԵԿԳ) առաջին անգամ 7 տարով պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի խաղողագործի հետ: Համապատասխան պայմանագիրը ստորագրել են ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն ու 22 հա խաղողի այգիների սեփականատեր Գնունի Անտոնյանը:

Հարկ է նշել, որ պայմանագրում նշված է 1 կգ խաղողի նվազագույն գինը՝ 130 դրամ: Սակայն Անտոնյանը հուսով է, որ այն կարող է նաև ավելին լինել: Գործարանի հետ արդեն շուրջ 10 տարի աշխատող հավատարիմ գործընկերոջ հետ կնքված պայմանագրի շրջանակներում ԵԿԳ-ն այս տարի կմթերի 300 տոննա խաղող:

Ինչպես նշեց Գրիգորյանը, առաջիկա 2 շաբաթներում կստորագրվի 412 համապատասխան պայմանագիր 8500 տոննա խաղողի մթերման համար, ընդ որում այն կարող է հասնել 10 հազար տոննայի: Ընդհանուր առմամբ ԵԿԳ-ն այս տարի մտադիր է մթերել ռեկորդային քանակի խաղող՝ 35 հազար տոննա:

Պայմանագրային համակարգի տեղափոխումը նոր հարթություն օրինակ կծառայի մյուս տնտեսվարողների համար և թույլ կտա լուծել այսօր Հայաստանի համար հիմնական խնդիրներից մեկը՝ այգիների վերազինումն է երկրում խաղողագործության զարգացման համար: Քանի որ բերքատվության միջին մակարդակը 1 հա շուրջ 8000 տոննա է, այն դեպքում երբ այդ ցուցանիշը կարող է հասնել 30 000 տոննայի, դա վկայում է այն մասին, որ այգիների զգալի մասը մշակվում է արդեն շուրջ 70 տարի, այլ մասը չի մշակվում պատշաճ կերպով, խնդիրներ կան տեսակների հետ կապված և այլն:

ԵԿԳ գործադիր տնօրենն այսօրվա մամլո ասուլիսում հայտնել է նաև, որ գործարանը բանակցում է երկու հայկական առևտրային բանկերի հետ, որոնք անհրաժեշտության դեպքում կվարկավորեն գյուղացիներին նոր այգիներ հիմնելու համար: Իսկ նոր այգի հիմնելու համար հրակավոր է ներդնել մոտ 10-18 հազար դոլար:

Ավելին, ԵԿԳ-ն մտադիր է առաջիկա 5 տարիներին շուրջ 2 500 նման պայմանագիր կնքել, իսկ ժամկետը 7 տարուց երկարացնել մինչև 9 տարի: Ավելին, ԵԿԳ-ն մտադիր է ինքը ևս նոր այգիներ հիմնել և ծախսերը փակելուց հետո, նվիրել դրանք ֆերմերներին, որպեսզի խաղողագործությունը զարգանա: