AM
8 Ապրիլ 2013 - 10:21 AMT

Խնդիրներ կան, բայց Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտին ստեղծվում է

Հայաստանում 38 ոսկերչական գործարան կա, որից 6-ն ադամանդագործական է:

Ոսկերչությունը և ադամանդագործությունը Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ոլորտներից են և գերակա ճյուղ են համարվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է մշակված ռազմավարության, ադամանդագործության և ոսկերչության արտահանման ուղղված ծրագրերի մասին: Նա նշել է, որ ոլորտի աճի տեմպերը 16 և ավելի տոկոս են կազմում: Արտահանման տեմպերը նույնպես աճել են, բայց ցուցանիշները բարելավվելու համար Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտի կստեղծվի:

Լայնածավալ աշխատանք է սկսվել շուրջ 50 000 քմ տարածքում այդ գոտին ստեղծելու ուղղությամբ, որի մոտ կեսը կտրամադրվի ոսկերչական արտադրության կազմակերպման համար: Նախատեսվում է, որ ոսկերչական ազատ տնտեսական գոտում կստեղծվեն մոտ 120 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, և բացվի շուրջ 1500 աշխատատեղ:

Հայ ոսկերիչների միության (AJA) և Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գևորգյանի խոսքով այս գոտու ստեղծման ծրագրի առաջնային նպատակներից մեկը արտերկրում գործունեություն իրականացնող գործարարներին Հայաստան բերելն է: Բայց նախքան Հայաստան գալը և աշխատելը գործարարը պետք է հստակ իմանա հայրենիք գալու դրդապատճառը: «Նրանք պետք է իմանան, թե ինչի համար են գալիս և ինչ պայմաններում են աշխատելու: Պետք է ստեղծվի հիմք, որոշակի նախադրյալներ նրանց կապիտալը այլ երկրներից Հայաստան բերելու համար»,- ավելացրեց նա: Բանակցություններ են տարվում ու այդպիսի 50 ընկերություն արդեն Հայաստան գալու պատրաստակամություն է հայտնել: «Հայաստանը մրցունակության առումով ավելի հրապուրիչ է, քան` Չինաստանը: Հայատանն ավելի մոտ է գտնվում Եվրոպային», – բացատրել է Գագիկ Գևորգյանը: Նրա խոսքով` այժմ հսկայական աշխատանք է կատարվում և բանակցությունների միջոցով փորձ է կատարվում Հայաստանում արտադրական գործարանի համապատասխան տարածք գտնելու ուղղությամբ:

«Հայաստանում օրենքի դաշտում ամեն ինչ արված է: Կար մտադրություն համապատասխան տարածքն ընտրել հին օդանավակայանի շենքը, որը հիմա դատարկ է: Այդ նպատակով մենք հանդիպեցինք արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանի հետ հինգ անգամ, սակայն շենքը մեզ չի տրվի»,- ասել է Գևորգյանը: Նրա խոսքով` քննարկվող, սակայն չիրականացված տարբերակների թվում էր նաև Մերգելյան ինստիտուտը:

Գործարարի խոսքով` պարտադիր պայմաններից է, որ շենքն ունենա 20 հազար քմ տարածք, որը կապահովի մոտ 1000-1500 մարդու աշխատանք: «Ցանկալի է, որ շինությունը լինի Երևանում, որպեսի աշխատողներն ավելորդ ժամանակ չծախսեն այլ տեղ հանելու համար»- ասել է նա ու ավելացրել, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետներում լուծել բացվող գործարանի տարածքի հարցը, որպեսզի հասարակության շրջանում ծրագրի իրականացման վերաբերյալ թերահավատություն չստեղծվի: