AM
8 Ապրիլ 2013 - 12:02 AMT

Թուրքական ԶԼՄ-ները պահանջում են արտաքսել ադրբեջանցի դիվանագետին

Սկանդալ է բռնկվել Թուրքիայի Ադրբեջանի դեսպանատան ու Radikal թերթի միջև, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Սկանդալի պատճառ է հանդիսացել այն, որ Անկարայի երաժշտական փառատոնում, որի կազմակերպիչն է թերթը, «Սարի գելին» երգը անվանել են հայկական:

Ադրբեջնի դեսպանատան աշխատակից Էլսեվյար Սալմանովը թերթի աշխատակիցների անվանել է «հայեր» և «նողկալիներ»: Թերթի հրապարակախոս Դենիզ Զեյրեկը իր հոդվածում Սալմանովին մեղադրել է ազգային պառակտում սերմանելու ու դիվանագիտական վարվելակարգի կանոնները խախտելու մեջ:

Զեյրեկն իր հոդվածում նշում է, որ արդեն դիմել է Անկարայում Ադրբեջանի դեսպանին ու Թուրքիայի ԱԳՆ: Ըստ հրապարակախոսի, եթե նման բան տեղի ունենար ցանկացած եվրոպական երկրում, այդ դիվանագետին անցանկալի անձ կհայտարարեին:

Հրապարակախոսը պահանջում է Թուրքիայի ԱԳՆ-ից գնահատել ադրբեջանցի դիվանագետի գործողություններն ու արտաքսել նրան երկրից, գրում է haqqin.az-ը:

Ադրբեջանում հայկական «Սարի գելին» երգը համարում են ադրբեջանական, Թուրքիայում դրան համամիտ չեն: