AM
10 Ապրիլ 2013 - 11:52 AMT

Սլովակցի մասնագետներն իրենց փորձը կկիսեն Հայաստանի հետ ՏՏ ոլորտում

Ապրիլի 10-ին Երևանում մեկնարկել է հայ-սլովակյան գործարար համաժողովը Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ: Ինչպես հայտնել է ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասնում է 10 մլն դոլարի, սակայն արտահանման ծավալները փոքր են, ինչը չի գոհացնում: Ըստ նրա, առաջնային են համագործակցության համար վերամշակման, շինարարության, մասնավորապես, թունելաշինության, զբոսաշրջության, ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում:

Իր հերթին Սլովակիայի Առևտրի և ներդրումների գործակալության ներկայացուցիչ Պավել Չոբիրկան հայտնել է, որ իրենց շինարարական ընկերությունները կարող են առաջարկել իրենց ծառայությունները և փորձը նորարարությունների ու դիզայնի ոլորտում: Բացի այդ, Սլովակիան առաջատար դիրքերում է մեքենաշինության ու ծրագրային ապահովման ոլորտներում: Ինչպես նշեց Չոբիրկան, ներդրումային մթնոլորտը Հայաստանում բավականին գրավիրչ է, մասնավորապես, բիզնեսի գրանցման ու հարկային վարչարարության տեսակետից և սլովակ գործարարները շահագրգռված են աշխատել հայկական շուկայում: