AM
14 November 2005 - 14:23 AMT

Համագործակցության զարգացումը Հայաստանի եւ Իրանի միջեւ կնպաստի կայունությանը տարածաշրջանում

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ավարտին, որի ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, Ալի Լարիջանին եւ Արտաշես Թումանյանը համատեղ մամլո ասուլիս են անցկացրել: ԻԻՀ ԱԱԲԽ քարտուղարը նշել է հայ-իրանական համագործակցության դինամիկ զարգացումը եւ հայտարարել է.«Ա.Թումանյանի այցը ներկա պայմաններում կարող է նպաստել երկկողմ գործակցության եւ տարածաշրջանային համագործակցության մի շարք խնդիրների կարգավորմանը»: Ալի Լարիջանին նշել է, որ Ա.Թումանյանի հետ քննարկել է երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման եւ զարգացման հարցեր եւ հայտարարել է, որ Իրանը եւ Հայաստանը համոզված են, որ երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսության ոլորտում բարենպաստ ազդեցություն կունենա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման վրա: Իր հերթին Արտաշես Թումանյանը հավանություն է տվել Ա.Լարիջանիի հայտարարությանը եւ նշել է Իրանի հավասարակշռված քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նա նաեւ հաղորդել է, որ Թեհրան է բերել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: «Երեւանը ողջունում է Թեհրանի քաղաքականությունն, ուղղված տարածաշրջանի երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: