AM
15 Ապրիլ 2013 - 08:03 AMT

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, համալրելով Ամերիաբանկի Խորհրդի կազմը, իր ներդրումը կունենա նաև Հայաստանում

Ապրիլի 19-ին Երևան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, որը համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ: Այցելելեով Հայաստան` նա կունենա գործնական հանդիպումներ և իր հարուստ փորձով ու գիտելիքներով կկիսվի հայ գործարարների հետ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անկախ անդամ լինելուց բացի, հանդիսանում է Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի (որն աջակցում է զարգացող երկրների կապիտալի և ֆիքսված եկամտով գործառնությունների շուկաների բաժիններին) փոխնախագահը: Fidelity Investments-ը ֆինանսական ծառայությունների շուկայում աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին շուրջ 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հետաքրքրությունը Հայաստանի և մասնավորապես հայկական ընկերության` Ամերիաբանկի նկատմամբ, ֆոն Ռեկովսկին պատասխանել է. «Իմ հետաքրքրությունը հայկական ընկերության հանդեպ բացատրվում է մի քանի պատճառով: Նախ, ես պատմամշակութային կապեր ունեմ Հայաստանի հետ, քանի որ մորս ընտանիքը արմատներով Հայաստանից է: Երկրորդը, առաջին անգամ ես այցելեցի Հայաստան դեռ 2002թ., երբ «Հայաստան 2020» նախագծի Համակարգող խորհրդի անդամ էի: Այդ նախագծի ընթացքում իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճեց: Ավելին, խորհրդի այլ անդամների հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ օգտակար էր: Եվ վերջապես, շուրջ 20 տարի է, ինչ ես զբաղվում եմ ներդրումներով զարգացող շուկաներում: Ես փորձառություն ունեմ թե՛ պարտքային, թե՛ փայատիրական ֆինանսավորման շուկաներում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ էի ստանալ այնպիսի հնարավորություն, որը ինձ թույլ տվեց միավորել իմ անձնական կապերը և հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ իմ մասնագիտական փորձի հետ և աշխատել մի հայկական ընկերությունում, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների ամբողջական տեսականի»:

Նախքան իր ներկա պաշտոնը զբաղեցնելը, Ֆոն Ռեկովսկին մեկ տասնամյակ շարունակ կառավարել է ամերիկյան, կանադական և միջազգային այլ ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ` զարգացող շուկաներում: Ի թիվս այլ պաշտոնների, նա Բոստոնի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Բոստոնի տնտեսագիտական ակումբի (Boston Economic Club) և World Boston-ի անդամ է:

Այն հարցին, թե ի՞նչ է ենթադրում Խորհրդի անկախ անդամի պաշտոնը, և ինչու՞մն է կայանում տարբերությունը Խորհրդի սովորական և անկախ անդամների միջև, նա պատասխանեց. «Խորհրդի սովորական և անկախ անդամների միջև մի քանի տարբերություն կա: Որպես կանոն, Խորհրդի սովորական անդամներն ընտրվում են ընկերության հետ կապված անձանցից, այդ թվում՝ բարձր օղակի ղեկավարներից: Խորհրդի անկախ անդամները չեն հանդիսանում ընկերության հետ կապված անձ, չեն մասնակցում առօրյա կառավարման գործընթացին, ուստի, նրանք կարող են այլընտրանքային կարծիք հայտնել Խորհրդի առջև կանգնած խնդիրների վերաբերյալ: Խորհրդի անկախ անդամները պատասխանատու են նաև ղեկավարության կողմից ձեռնարկած կամ առաջարկվող գործողությունները բաժնետերերի շահերի տեսանկյունից դիտարկելու համար»:

Իսկ կոնկրետ Ամերիաբանկի կառավարման համակարգում իր դերը ֆոն Ռեկովսկին այսպես մեկնաբանեց. «Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի բազմաթիվ զարգացող շուկաների հարյուրավոր ընկերություններում կատարելով ներդրումներ` համապատասխան վերլուծություններից հետո հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել նաև Ամերիաբանկին՝ ինձ հետ բերելով կորպորատիվ կառավարման և բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իմ գիտելիքները և փորձը: Այս հնարավորությունն ինձ շատ է ոգևորում, և ես անհամբեր սպասում եմ իմ ակտիվ ներգրավվածությանը բանկի աշխատանքներում»:

Ունենալով նման հարուստ աշխատանքային փորձ և ներկայումս էլ մեծ դերակատարում միջազգային հեղինակավոր կառույցներում`Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, համալրելով Ամերիաբանկի Խորհրդի կազմը, իր ներդրումը կունենա նաև Հայաստանում: