Արդեն մի փոքր հույս կա, որ գոնե ՄԱԿ Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, որի հետ հիմնականում աշխատում են հայաստանյան հասարակական կազմակերպությունները, Բրատիսլավայից չի տեղափոխվի Ստամբուլ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Մենք հանդիպել ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի բանագնացի հետ, ներկայացրել ենք մեր անհանգստությունները` հիմնավորելով: Բանագնացն ասել է, որ գլխավոր քարտուղարը տեղյակ է մեր անհանգստությունների մասին, ու փորձում են գտնել կոմպրոմիսային տարբերակ»,- ասել է նա: Իսկ այդպիսի տարբերակ կարող է լինել գրասենյակի Բրատիսլավայում մնալը, կամ Թուրքիայի բացի Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի մեկ այլ երկիր տեղափոխվելը:
Ստամբուլ արդեն տեղափոխվել են ՄԱԿ մի քանի ծրագրերի գրասենյակներ ու խոսակցություններ կան, որ Ժնևի գրասենյակները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը նույնպես հնարավոր է տեղափոխեն Թուրքիա: «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սվետլաննա Ասլանյանն ասել է, որ իրենք փորձում են գործակվել նաև այլ երկրների ՀԿ-ների հետ: Իսկ Կիպրոսն արդեն պետական մակարդակով է դիմել տարբեր կառույցների ու պետությունների` այդ նախաձեռնության դեմ իր բողոքն արտահայտելով:






