AM
16 Ապրիլ 2013 - 11:43 AMT

Գործարար ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2013թ-ի առաջին եռամսյակում նվազել է

Գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ) 2013թ-ի առաջին եռամսյակում կազմել է 59.8, ինչը 0.8 տոկոսային կետով ցածր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (60.6): Վերջինս վկայում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման մասին՝ պահպանելով բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը: Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 62.6, որը նախորդ եռամսյակի (56.9) համեմատ ավելացել է 5.7 տոկոսային կետով, ինչը վկայում է արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության աճի տեմպի արագացման մասին: Շինարարության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 57.6, որը նախորդ եռամսյակի (58.0) համեմատ նվազել է 0.4 տոկոսային կետով: Մյուս ոլորտներում չնայած ակտիվության նկատմամբ լավատեսական տրամադրությունների առկայությանը՝ արձանագրվել են ակտիվության նվազման միտումներ:

Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2013թ-ի առաջին եռամսյակում կազմել է 55.4, որը վկայում է գործարարների կողմից գործարար միջավայրի վերաբերյալ լավատեսական տրամադրվածության մասին: ԳՄՑ-ը 5.7 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակում գրանցված ցուցանիշից (49.7)՝ պայմանավորված բոլոր ոլորտների լավատեսական գնահատականներով: Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ծառայությունների ոլորտում (63.3), որը 9.9 տոկոսային կետով բարձր է նախորդ եռամսյակի ցուցանիշից (53.4):

Սպառողների վստահության ցուցանիշը* (ՍՎՑ) 2013թ. առաջին եռամսյակում կազմել է 44.0՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջելով 1.6 տոկոսային կետով:

Աճ է գրանցվել ապագա սպասումների ցուցանիշի գծով. նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցանիշն աճել է 1 տոկոսային կետով և կազմել 52.6: Ընդ որում, այս ցուցանիշի դրական տեղաշարժին նպաստել են ինչպես ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 3 տոկոսային կետով, այնպես էլ տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 2 տոկոսային կետով բարելավումները:

Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջել է շուրջ 4 տոկոսային կետով՝ պայմանավորված ֆինանսական վիճակի փոփոխության փաստացի վիճակի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշների անկումներով: Դրան զուգահեռ, աճել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը: