AM
17 Ապրիլ 2013 - 11:17 AMT

Այլիսլիի դեմ հարձակումը ձախողվել է, փողերը՝ «կորել են»

Ադրբեջանի իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը պատմել է գրող Աքրամ Այլիսլիի դեմ անհաջող հարձակման մասին, հայտնում է SalamNews-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաջիևը 10 հազար մանաթ (մեկ մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի) պարգև է սահմանել նրա համար, ով կկտրի գրողի ականջը: Ըստ նրա, դա պետք է «պատիժ» լիներ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վեպի համար: Իր կուսակցության քաղխորհրդի նիստում Հաջիևը պատմել է, որ հասցրել է դրա համար մի խումբ երիտասարդների վարձել և նախապես գումար հանձնել նրանց: «Ես ասել էի երիտասարդներին, որ նրանք սպասեն Այլիսլիին դռների մոտ և հենց որ նա հայտնվի, կտրեն նրա ականջները,-անկեղծացեկ է քաղաքական գործիչը:-Այդ մարդիկ մի քանի օր կանգնել են Այլիսլիի դռան մոտ, սակայն հետո իշխանավոր հարգված մարդիկ ինձ ասացին, որ հրաժարվեմ այդ մտքից և ես ստիպված հրաժարվեցի»: Երբ սկանդալային գաղափարը տարածում գտավ, նրան կանչեցին ՆԳՆ՝ զգուշացնելով հնարավոր պատասխանատվության մասին: «Ես խնդրեցի երիտասարդներին վերադարձնել փողը, սակայն մերժում ստացա, ստացվում է, որ ես 10 հազար մանաթը զուր ծախսեցի»,-բողոքել է Հաջիևը: Հաջիևը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում: Աքրամ Այլիսլին գրել է «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակը, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները: