Որոշակի խմբավորում ձգտում է իր ձեռքը վերցնել Վրաստանի երկաթուղին: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել է «Վրաստանի երկաթուղի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ակակի Չխաիձեն: Նրա խոսքերով, այդ խմբավորումը հետապնդում է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական շահեր: Նա չի որոշակիացնել խմբի կազմում ընդգրկված մարդկանց անձերը, սակայն նշել է, որ «նրանք առանց այդ էլ բոլորին հայտնի են»: Չխաիձեն չի բացառել, որ վրացական Սամթրեդի շրջանում մի քանի օր առաջ տեղի ունեցած վթարը, դիվերսիա է: «Անցյալ տարվա ընթացքում Վրաստանի երկաթուղում վթար ընդհանրապես տեղի չի ունեցել, իսկ այս տարի դա արդեն երկրորդն է», -ընդգծել է Չխաիձեն: Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ իրականացվում է Վրաստանի տարածքով: