AM
20 Ապրիլ 2013 - 10:09 AMT

Ամենաքաղաքականացված քաղաքային ընտրությունը. Ինքնահաստատման առաջին փուլ

«Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքային չեն, դրանք երբևէ ամենաքաղաքականացված ընտրություններն են:

«Ներդրված է կուսակցական ընտրական համակարգ: Առաջադրված կուսակցությունների մեծ մասը ընտրություններին տալիս է քաղաքական սեփական բովանդակությունը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էմին Երիցյանը և նկատեց, որ նախագահական ընտրություններից հետո սա ինքնահաստատման առաջին փուլն է: Ըստ նրա` քարոզչության ընթացքում կուսակցություններն ընտրողների հետ անկեղծ չեն, մասնակցում են քաղաքական տեսանկյունից, սակայն խոսում են քաղաքային խնդիրներից:

Էմին Երիցյանը նաև կանխատեսումներ արեց, թե ուժերից որոնք կհաղթահարեն նվազագույն շեմը և կլինեն ավագանու մեջ: Ըստ նրա` Տարոն Մարգարյանի հեղինակության շնորհիվ ՀՀԿ-ն կհավաքի ձայների մոտ 50 տոկոսը, իսկ ՀԱԿ-ը չի հաղթահարի այդ շեմը: «ՀԱԿ-ն ուզում է պարզապես ազատել Ազատության հրապարակը: Նրա վեճը «Ժառանգության» հետ է: Նա կորցրել է իր քաղաքական ռեսուրսները: Դաշնակցությունը խսիտ կասկածելի է:

Այս կուսակցության ռազմավարության մեջ որոշակի սխալներ կան: Մեկ մասնակցում է «Ժառանգության» հանրահավաքին, մեկ համագործակցում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ: ՀՅԴ-ն հստակ մասնակցություն չի ցուցաբերում: ՕԵԿ-ը քիչ թե շատ շանսեր ունի: «Բարև Երևան» դաշինքը և ԲՀԿ-ն ընտրություններից հետո երկրորդ տեղը զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունեն, սակայն ԲՀԿ-ն թուլացնում է իր դիրքերը, քանի որ չունի հստակ առաջատար»,- ասաց նա: