AM
25 Ապրիլ 2013 - 10:12 AMT

2014թ. առաջին անգամ կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Ապրիլի 25-ին կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառում, 2013 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու մասին:

Այդ նպատակով, ինչպես հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, կստեղծվեն համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ:

Վարչապետը նշեց, որ երկրում առաջին անգամ կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում, ինչը թույլ կտա պատկերացում կազմել հողերի դասակարգման, անասունների գլխաքանակի, շինությունների, այդ ոլորտում զբաղվածության մասին:

Համատարած հաշվառման իրականացման կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը, որում ստեղծված նոր արժեքի մասնաբաժինը վերջին տարիների համախառն ներքին արդյունքի ծավալում կազմում է 16-20%, իսկ զբաղվածների թվաքանակը` ընդհանուր զբաղվածների շուրջ 45 % (մոտ 492 հազ. մարդ): Ոլորտում առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից միայն գյուղացիական տնտեսությունների (գյուղաբնակ տնային տնտեսությունների) քանակը կազմում է մոտ 340 հազար (նրանց բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 90%-ը):