AM
30 January 2003 - 18:39 AMT

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՈՒՂԻՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է

Մեր շփումները Հայաստանի եւ Երեւանի ղեկավարության հետ հագեցած են դրական եւ ստեղծարար փոխգործակցության ոգով, եւ ներկայիս այցը կծառայի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը բոլոր ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական շրջանառության ողջ ծավալի մեկ երրորդը բաժին է ընկնում Մոսկվային: Քաղաքապետը ընդգծել է, որ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հիմնական խնդիրն ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է, իսկ հայկական ապրանքների տարանցումը մյուս պետությունների տարածքով հանգեցնում է ժամանակի կորստի եւ մեծ ծախսերի: Մոսկվայի քաղաքապետը հաղորդել է, որ ներկայումս մշակվում են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման նոր երթուղիներ: Մասնավորապես, նա նշել է «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի իրանական տեղամասը: Յ.Լուժկովը արտահայտվել է նման երթուղու տնտեսական հիմնավորման մշակման եւ հնարավորությունների հաշվարկի անհրաժեշտության օգտին, որը ենթադրում է հայկական բեռների փոխադրում մինչեւ Կասպից ծովի իրանական նավահանգիստներ` այնտեղից լաստանավով մինչեւ Աստրախան փոխադրելու համար: